Աշոտ Մեսրոպի Ղազարյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կաղզվան քաղաքում` հանրաճանաչ Մեսրոպ վարժապետի ընտանիքում։
Մեսրոպ Ղազարյանը Կաղզվանի միակ հայկական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչն էր, քառորդ դար զբաղվել էր մանկավարժությամբ։ Նաև գրող էր։ Նրա ստեղծագործություններից մեզ են հասել «Տիրանն ու Արփենիկը», «Այնտեղ էլ, այստեղ էլ», «Կյանքի խորթ զավակները» վիպակները։ Բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ տպագրվել են «Մուրճ» և «Մշակ» հանդեսներում։
Կրթված ու զարգացած մարդ էր Մեսրոպ Ղազարյանը, առաջադեմ հայացքներով, որ ձգտում էր սրբազան հայրենիքին, նոր աշխարհին, որ, ավա՜ղ, չտեսավ։ Կարոտը սրտում` 1921-ին նա գալիս էր հայրենիքի գիրկը, բայց խոշտանգվեց կես ճանապարհին թուրքերի ձեռքով։
Նախորդ դարի 50-60-ականներին Մեսրոպ Ղազարյանի որդին` Աշոտը, գրեց իր հիշողությունները Կաղզվանի, մանկության, ընտանիքի, բարեկամների, գաղթի մասին։ Գիրքը կոչվում էր «Դեպի փրկություն»։ Հեղինակը նկարագրել է, թե ինչպես 1921 թվականին իրենց ընտանիքը ստիպված թողնում է ծննդավայրը և գաղթում Խորհրդային Հայաստան։ Ճանապարհին թուրքերը սպանում են Մեսրոպ վարժապետին, նրա կինը` Սաթենիկը, մնում է մեն-մենակ իր վեց երեխաների հետ։ Երեսուներկու օր, մեծ դժվարություններով, կրելով թուրք ասկյարների դաժանություններն ու վիրավորանքը, նրանք հազարավոր կաղզվանցիների հետ ոտքով գալիս, հասնում են Ալեքսանդրապոլ և հաստատվում Խորհրդային Հայաստանում։
Խորհրդային շրջանում այդ գիրքը, բնականաբար, չտպագրվեց։ 1991-ին, երբ արդեն հնարավոր էր նրա տպագրությունը, երևան եկան դժվարություններ` կապված թղթի, լույսի հետ։ Իսկ հետո էլ արդեն խանգարիչ հանգամանք դարձան շուկայական հարաբերությունները։ Երբ լրացավ հեղինակի 100-ամյակը (2006 թ.), նրա թոռան` Աշոտ Պողոսյանի միջոցներով հրատարակվեց գիրքը։
Երկրորդ հրատարակությունը կատարվեց Աշոտ Ղազարյանի որդու` Գարիկ Ղազարյանի նախաձեռնությամբ, և նվիրվում է Աշոտ Ղազարյանի կնոջ` Արաքսյա Ղազարյանի 100-ամյակին։
Աշոտ Ղազարյանի «Դեպի փրկություն» գիրքն ընթերցվում է մեկ շնչով։ Այն ունի ճանաչողական նշանակություն։ Հեղինակը մեծ սիրով, մանրամասն նկարագրել է իր ծննդավայրը` Կաղզվանը, նրա ազնիվ ու համեստ բնակիչներին, գեղատեսիլ բնությունը։
Մեծ ջերմությամբ են գրված այն էջերը, որ նվիրված են ծնողներին, հարազատներին, բարեկամներին, մանկության անհոգ ու խաղաղ օրերին։
Բացի Կաղզվանից, Աշոտ Ղազարյանն ընթերցողին ներկայացնում է 20-30-ական թվականների Կարսը, Ալեքսանդրապոլը, Մարգարա գյուղը, Էջմիածինը, Երևանը` բնակավայրեր, ուր պատսպարվել էին հազարավոր գաղթականներ։ Հուզիչ են տեսարանները, երբ գաղթականներին ուշադրությամբ են շրջապատում Խորհրդային Հայաստանի բնակիչները, ովքեր նրանց օթևան և հաց են տալիս, մարդկային ջերմություն։
Դաժան էր գաղթի ճանապարհը։ Եվ Աշոտ Ղազարյանը վավերացնում է այդ դաժանությունը` բռնություն, առևանգում, սպանություն թուրքերի կողմից։ Սահմռկեցուցիչ տեսարաններ։ «Բագրամսարի առաջին գիշերը», «Հորս կորուստը», «Մի փարչ մածուն», «Երասխի պղտոր ջրերի մեջ» գլուխները հնարավոր չէ կարդալ առանց հուզմունքի, արցունքի։
Աշոտ Ղազարյանը, լինելով որբանոցում, տեսավ մի աշխարհ, որտեղ թագավորում էին ծեծը, անտեր մնացած հազարավոր որբերի դառը կյանքն ու աղոթքը։ Սարսռում ես, երբ կարդում ես «Օրիորդ Սանդուխտը» գլուխը։ Ինչպես գրում է հեղինակը, «Օրիորդ Սանդուխտը զուրկ էր կանացի հատկություններից, քնքշությունից, որով օժտված են լինում կանայք, դաժան էր որբերի նկատմամբ։ Նրա մեջ մայրական գութ ու խղճմտանք չկար»։ Նրա դաժան հրամանի պատճառով որբանոցի երկու սան սառեցին շենքի ձեղնահարկում։ Այդպես էր պատժում օրիորդը։
Անմոռանալի են թուրք էֆենդու տանը անցկացրած օրերը։ Էֆենդին Էրզրումի կայարանում ծվարած Սաթենիկի ընտանիքից տանում է Աշոտին իր տուն որպես աշխատող։ Ասում է մորը, որ փրկում է տղային սովից, խոշտանգումներից։ Փոքրիկ Աշոտն արդեն հուսահատվել էր, մտածում էր, որ էլ երբեք չի տեսնի սիրասուն մորը, քույրերին ու եղբայրներին։ Սակայն գթասիրտ էֆենդին, կարծես խղճի խայթ զգալով, որոշեց Աշոտին վերադարձնել հարազատ ընտանիք։ «Երբ մայրս ինձ տեսավ, առաջին պահին չհավատաց, որ ես եմ, հետո ուրախության արցունքներով խամրած աչքերը բոցավառվեցին, կարծես լույս իջավ երկնքից, ծիծաղեց և ոտքի ելնելով փաթաթվեց ու սեղմեց ջերմ կրծքին։ Համ լալիս էր, համ էլ ծիծաղում ու հետն էլ ինքն իրեն խոսում»։ Հուզիչ է ամբողջ գիրքը, հուզիչ է գրքի ավարտը. «Ես հրաժեշտ տվեցի որբանոցի իմ ընկերներին, օրիորդ Սանդուխտին և մորս ձեռքից բռնած դուրս եկա պոլիգոնների ամերիկյան որբանոցների տարածքից, ինձ ու հազարավոր խեղճ որբերի համար այդ մղձավանջային աշխարհից` ընդմիշտ թողնելով հետևում և՛ որբանոցները, և՛ որբերին, և՛ դաստիարակներին, և՛ օրիորդ Սանդուխտին, և՛ ամեն ինչ... Ես գնում էի քաղաք, հարազատ օջախ, հարազատներիս մոտ։ Դեպի քաղաք էր ձգվում փոշոտ ու երկար ճամփան»։
Գիրքը գրված է պարզ, մատչելի, վառ և պատկերավոր լեզվով։
Երկրորդ հրատարակության գրքում տեղ են գտել Աշոտ Ղազարյանի որդու` լրագրող Գարիկ Ղազարյանի հոդվածները Ղազարյանների տոհմի լավագույն ներկայացուցիչների մասին։ Ըստ կարսեցի տատիկի` Սաթենիկի հոր պատմությունների, ինչպես նաև Ազգային գրադարանի աղբյուրների, Գարիկ Ղազարյանը գրեց նյութեր Մեսրոպ Ղազարյանի, Մկրտիչ Ղազարյանի, Նազարիկ և Գոհար Ղազարյանների մասին։
-Մկրտիչ Ղազարյանը Սաթենիկ տատիկիս եղբայրն էր,- պատմում է Գարիկ Ղազարյանը։- Նա փիլիսոփայության դոկտոր էր, հայագիտության մեջ հայտնի է որպես Հայաստանի արաբական տիրապետության շրջանի պատմության առաջին ուսումնասիրողը։ Ձեռնամուխ է եղել «Պատմական կենսագրություններ» շարքի հրատարակմանը։ Առաջին անգամ Մկրտիչ Ղազարյանն է հայերեն թարգմանել Ն. Գոգոլի և Մ. Սալտիկով-Շչեդրինի ստեղծագործությունները։
1910-ին Սուրբ Կատարինե (Սանկտ Պետերբուրգ) հայկական եկեղեցում կատարել է եկեղեցուց բանադրված Լև Տոլստոյի հոգեհանգիստը։
Հորեղբայրս` Նազար Ղազարյանը, եղել է Երևանի տրամվայի առաջին վագոնավարը։ 1942-ին զոհվել է Կերչում։ Հորեղբայր Աշիկին ես տեսել եմ։ Նա եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի բաժնի վարիչ, «Կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀԳ-ի, Հայպետհրատի տնօրեն, «Լիտերատուրնայա գազետա»-ի թղթակից։ Տաղանդավոր թարգմանիչ էր։ Հայերեն է թարգմանել Ի. Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» և «Ոսկե հորթ» վեպերը, Սերվանտեսի «Դոն Կիխոտը», Իլյա Էրենբուրգի, Վիլիս Լացիսի, Վասիլի Գրոսմանի, Գալինա Նիկոլաևայի վեպերը։
Հորաքույրս` Գոհարը, վաղամեռիկ է, սովորում էր Լենինգրադի մանկավարժական ինստիտուտում։
Սուրեն Ղազարյանը տատիկիս եղբորորդին էր։ Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում։ Ձերբակալվել է որպես «ժողովրդի թշնամի»։ Տասը տարի բանտում և ճամբարներում է անցկացրել։ Արդարացումից հետո ապրել է Մոսկվայում։ Գրել է «Դա չպետք է կրկնվի» գիրքը, որը բարձր են գնահատել Ա. Տվարդովսկին, Պարույր Սևակը։
Գարիկ Ղազարյանի գրքում տեղ են գտել նաև նրա հոդվածները` նվիրված սիրելի մայրիկի` Արաքսյայի, և եղբոր` Ֆերդինանդի, հիշատակին։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ